Հովին անցքը
Անդնդագալար օվկիանի պես
Կ՚ ուռի այս գիշեր հովն ալիք ալիք,
Կը ծըծեմ լեղի սարսափն իր ճամբուն...
Իր լալոնին մեջ սենյակս է ծըփո՜ւն,
Հոգիս՝ իր ահեղ կոչին խաղալիք՝
Մինչ լույս շավիղ մը կ՚ երկարի մտքես...
Լեռներեն կ՚ իջնե հեւքն իր մոլեկան,
Իրար բերելով ձեռքերս՝ անձկագին
Մինչ ես ծնրադիր՝ կ՚ ունկդրեմ Երգի՜ն,
Երգին խոլարձակ, Երգին թախծագին...
Ե՞րբ պիտի հասնի իր հանգըրվանին
Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան...
Բուռն համեմունքով իր շունչն է լեցուն.
Ու կ՚ առնե ծովուն գույներն աղտաղտուկ՝
Մինչ զայն կը տանին պայերն ամբարձիկ,
Համբույրն իր կու գա մինչեւ իմ խցիկ.
Եվ ես հըպումեն կը փախչիմ գաղտուկ,
Հըպումեն՝ վայրի վիշտով ակաղձուն։
Մարած է քրքում լույսը լամպարիս,
Հորդող մութին մեջ հեւալեն տրտում.
Ես դեռ կըսպասեմ ալեկոծ Անցքի՜ն,
Նայվածքըս լեցուն իղձով կաթոգին,
Ա՜հ, քո՚ւկդ եմ արդեն, ո՜վ միստիք ցնցում,
Ո՜վ ձայն, մինչ ուժգին հոգվույս կը փարիս...