Հոգեհանգիստ
1907
Կը թռվըռա զանգակին վանկը թռչուն,
Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվան
Տիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն,
Ու ծուխին մեջ մըթնշաղին երկեվան։
Անդոհության ալիք մը ներս կը խուժե
Պիրկ հորանջքեն պատուհանիս կիսաբաց.
Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած՝
Թռչնիկ մըն է՝ որ իր ցավը կը գուժե։
Եկքանիկ մը՝ դեղնակիտված, հողմահար
Թեւիկներով՝ իրիկվան մեջ մոլորուն.
Անծայրածիր իրիկվան մեջ դողահա՚ր՝
Կ՚ եղբայրանա խուցիս գըթած իրերուն։
Իրիկունս է խունկ ու ցավով միգամած. -
Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգեւար։
Հոգիիս մեջ կը զգամ շարժում մը դժվար.
Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց։
Նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե,
Կ՚ ապրեցընե սիրելիներն իր ամեն,
Լույսերու մեջ ընկողմանած՝ մեկնումեն
Վերջ իրիկվան՝ ժպտող, անտես մեկ խուցե։
Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե,
Ու պատերուն, ու հոգիիս վրդոված.
Թռչնակն՝ հոգին կ՚ ուղղե անտես մեկ գիծե՝
Անծանոթին մեջ որոնել իր Աստված։
Խունկը ճամբա կ՚ ուզեր անցքին անդրաշխարհ,
Հեք թռչնակին հոգի՜ն կ՚ ըլլա այդ ճամբան,
Ու թռչնակն ալ կ՚ ուզեր աննյութ մեկ դամբան, -
Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար։
Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսե
Մեռածներու հուշքին՝ հոգիս իմ հանգիստ.
Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ.
Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե։
Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե.
Խաչանիշ մը կ՚ ըլլա թռչնիկն՝ օրհնական
Այս վայրկյանին՝ զոր կ՚ արծաթե լուսինկան՝
Կ՚ ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե։
16 Օգոստոս, 1907