Հիվանդի հեվքեր
1903
(Ցայգերգ)
I
Վանդակին մեջ փակված հեք
Թռչնիկին պես մենավոր,
Բանտըվեցան սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները բոլոր։
Դուրսն ամեն բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ կամ դալար.
Սրտիս մեջ սեւ պար մը կա
Նվագներու տրտմալար։
Թռչնոց ճիչին պես հիմար
Եվ նվաղկոտ կ՚ երկերին,
Թույլ խազերու մեջ տկար՝
Մութ երգերս կ՚ երկարին։
II.
Լուռ քերթված մը կապույտի
Կ՚ երգե ցայգը լուսավոր.
Լույս երգերով կը ժպտի
Ցերեկներուն հոծ ժըխոր։
Մայթին վրա մոտավոր
Քայլերը միշտ կը շտապեն.
Արձագանգ մը հեռավոր
Թողլով իրենց ըշտապեն.
Կապված անոնց շշուկին
Կու լա սիրտս սըգավոր,
Խուլ թափի մը մեջ ուժգին։
Պատուհանեն հեռավոր,
Երգեհոնի ձայնը մը ցունց
Կը հանե սիրտըս տխուր.
Իր շեշտերուն թափն ու ցունց
Կը խըռովեն զիս անլուր։
III.
Անշարժ կեցած մեկուսի
Կը հեծեծեմ սգավոր.
«Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր։
Պիտի ըլլա՞ օր մ՚ արդյոք,
Որ դառնամ հին օրերուս.
Պիտի շնչե՞մ լիաթոք
Զըվարթությունն անոնց կույս...»։
Բայց բնության հըրճվանքեն
Հույս ու ժպիտ կը քաղեմ.
Լույսեր հանկարծ կը ճեղքեն
Մտածումներս դժխեմ։
Եվ անուրջներ ոսկեզօծ՝
Լուռ՝ մտքիս մեջ կը պարեն,
Դուրս վանելով անոր հոծ
Թուխպը լույսի փապարեն։
1903, Հունվար 29, 30, 31