Գարունը կ՛ապրեցնե
Կը թանձրանան
Տերեւներուն
Շեղջեր լըքուն,
Մինչ կը դառնան
Դեռ ծառերուն
Մեջ համորեն
Հովերն աշնան,
Պարն ամեհի։
Ու դեպ ի տուն
Միշտ կը դիմեն
Շեշտերն ամեն
Ծիծաղներուն.
Միշտ դեպ ի տուն
Ու դեպ ի ներս
Բոլոր իղձերս
Ա՚լ տարիր դուն,
Չքնա՜ղ աշուն։
Դեպ ի տամուկ
Պատուհանին
Ա՜լ կը հառին
Աչքերս հիմակ,
Ու սե՜ր համակ,
Երգըդ կ՚ իջնե
Սրտիս՝ ուր նե
Իղձ մը ճերմակ
Պիտի գտնե։
Չէ՜, հովերուդ
Հետ ցավը չէ՚
Որ կը տանջե
Սիրտըս հըրուտ.
Այլ կը դառնան
Ինձ, հուզմունքեդ
Բողբոջ գարնան
Արեւաշող
Հույսերն հավետ։