Անցնել բովանդակությանը

Ձմրան պարզ գիշեր

Համբույրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց, Թո՚ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝ Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։ Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր, Հոսե՚ սրտիս մեջ դյութանքիդ ալիք. Ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ Պուտ պուտ կաթեցո՚ւր հոգվույս սիրաջեր։ Կ՚ ուզեմ, որ դադրին ձայներն այս պատիր, Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ. Կ՚ ուզեմ որ մեռնի՜ն տիվ ու ժամանակ՝ Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։ Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր, Այս պաղատագին շարժուձեւիս մեջ, Ու մինչ կ՚ողողեն զիս ցոլքերդ անշեջ, Աչքերս ալ մոռնան տակավ այս նատիր։ Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՜ զիս, Ընդունե՜, միստիք ո՜վ անդորրություն, Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն, Եւ համբույրն անանց՝ զոր կուտա հոգիս։ Սենյակս է լեցուն հուշքերովն աղի Երեկի հովին վայրագ տարփանքին. Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին Վախը գրգանքին անոր կատաղի։ Նե՚րս խուժե ուժգին, նե՜րս պատուհանես Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին Քու սրբությունով իր խորշերն հորդին, Եւ ես արթննամ վաղնջուց քունես։ Համբույրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց, Թո՚ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝ Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 32