Գետափի երազանք
Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արեւոտ ժայռերուն.
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
Որ ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
Գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի։
Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
Որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
Ասդին անդին տարտըղնըված՝ որոնց հոգին կը ցամքի։
Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն,
Կ՚ արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
Կիսամըրափ կ՚ երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն....
Ձայներ՝ դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր՝
Որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ՝ հովին դյութիչ նեկտարն ըմպած հոտ։