Ցայգն է պայծառ...
Ցայգն է պայծառ անհունորեն
Ցոլցըլանքովն իր խոլապար.
Օդանույշներ՝ որ մեղմաբար
Քնքշանքով զիս կը պարուրեն։
Բուստ համբույրով՝ որուն կարմիր
Կարոտովն իմ հոգիս կու լար,
Ինչպես փանդիռ մը մեղմալար՝
Պոնդերու տակ մեղկ ու ցանցիր։
Պարզկա ցայգուն անուրջին մեջ
Լըվալ կ՚ ուզեմ հիմակ հոգիս,
Եվ հըրահրել՝ երբեմնի շեջ
Աշտանակներն իմ երազիս։
Մըտածումըս կ՚ անցնի նորեն
Շավիղներեն իր լուսավետ,
Հեշտություններ հոգվույս հավետ
Բերելով իր ճամբաներեն։
Գինո՜վ եմ ես ծաղկանց բույրեն,
Տարաշխարհիկ ու գըրավիչ,
Ու ձայներեն ալ՝ որ քիչ քիչ
Իմ երազներըս կ՚ օրորեն։
Եվ անծանոթ աշխարհներուն՝
Անեզրին մեջ խորհրդազեղ՝
Կ՚ անդրադառնա մեջն իմ հոգուն
Կրկներեւույթը գունագեղ։
Պիտի ըզգա՜մ ես տեւաբար
Բուրումն անոնց ծաղիկներուն,
Որոնք հեշտին կը դառնան պար՝
Լուսացնցուղ ցողով լեցուն։
Պիտի ծըծե՜մ ես անդադար
Հոծ երազանքն անոնց բալին,
Ու շողերն՝ որ կը փալփըլին՝
Ոսկեպաղպաջ՝ ինչպես նեկտար։
Պիտի անցնի՜մ ես խանդավառ
Այդ լուսոռոգ ուղիներեն.
Ես՝ ուխտավոր ուղեմոլար՝
Խորհրդածուփ թափառելեն։
Պիտի անցնի՜մ ես Անհունին
Հավերժալուռ երկինքներեն,
Մինչեւ հույզերս ամեն թոշնին՝
Ու ես երկիր դառնամ նորեն։