Այգային
Տանիքներուն վրա մըշուշը սնդուս լաթեր կը փըռե,
Ճամբաներուն վրա արեւը՝ շոգոլիներ ոսկեման։
Որմին մոտիկ սըրինգն անվերջ՝ մեղեդիներ արույրե,
Որմին վըրան՝ աքլորն ըսթափ զարթոնքի ճիչն անսահման.
Որմին դիմաց՝ աղջընակ մը տարփոտ երգեր կ՚ ոլորե։
Աղավնիներ, լաջակներու պես մետաքսե գունագեղ,
Ճամբե ճամբա կը թռչըտին թույլ ծածանքով վաղանցիկ։
Աղբյուրին լուրջ ջուրերուն մեջ ճառագայթ մը կ՚ իյնա շեղ,
Աղբյուրին հարթ քարին վըրա՝ ձայնն հոտաղին երգեցիկ,
Աղբյուրին զով ծորակին հուպ՝ համբույրն հովին առտըվան։
Խա՜չ հանեցեք ու ծա՜փ զարկեք, կարմրություններ հինայի
Եվ արփածին թույրեր հագած՝ առտուն մեզի կը նայի։
Ծառերուն վրա թռչուններու խմբերգն հիմա կ՚ անձրեւե,
Ծառերուն տակ ծիծաղը ջինջ, մանկան՝ հոգնած կաքավե,
Ծառերուն քով բույրը ծաղկին՝ ամեն գույնե ու ձեւե...