Առտվան արեւին մեջ
Ահա՜ կ՚ անցնի ցայգս անքուն,
Մութին ծածքը կը մաշի.
Ու կը կայթե կույսն այգուն
Իր քողքին մեջ մըշուշի։
Անցան սայլերն ալ դանդաղ,
Ու մըշակներն երգեցիկ,
Ու բանվորներն ու հոտաղ՝
Ճամբաներեն բալաձիգ։
Ճառագայթներ խուսափուկ
Լիճերուն մեջ կը խաղան,
Եվ հանկարծ թույր մը դեղձան
Կը ներկե ջուրը փափուկ։
Ու բոցեղեն լեզվակներ
Կը ծըծեն մեգն համորեն,
Արեւին կյա՜նքն հըրեղեն,
Արեւին փա՜ռքն անըստվեր...
Հոգիես ներս կը խուժե
Քրքումն ալիքի նըման,
Եվ հովիկին առտըվան
Գինովությունն հաշիշե։
Լիճը բոսոր հարսնուկի,
Ցորենի ծովը կանանչ,
Կը հծծին տաղն անճանաչ
Մըտերմասաց շըշուկի։
Ու մարմանդները ճանճկեն,
Ու սարերը կապտորակ
Եղկ հծծյունով մը կ՚ երգեն
Լույսին ոսկի պատարագ։
Տունկեր ռեհան ծաթրինի
Կը ծըխեն խունկ մը վայրի,
Որ կ՚ ամպանա ու կ՚ այրի
Բուրվառին մեջ արփենի։
Հոգիես նե՜րս կը խուժե
Քրքումն՝ ալիքի նըման,
Եվ հովիկին առտըվան
Գինովությունն հաշիշե...