Անցնել բովանդակությանը

Լքում

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Կորիցէ օրն՝ յորում ես ծնաց:

Իրիկուն է։ Մեր տան դըրան առջևի Պարտեզին մեջ բարտիներուն ըստվերներն Անհունորեն կ'երկարին։ Իրիկուն է։ Այնտեղ մինակ և տըրտում, Ջըրհորին եզըն արմըկած՝ Վար կը նայիմ, կը նայիմ խո՛րն և կու լամ։ Ներսը, տան մեջ, հանդարտավետ երգելով՝ Հանիիս հետ մայրըս խաղող կ'հընձանե, Ու եղբայրներս, իր չորս դին, Ողկույզներուն բույրեն արբշիռ կը կայտռեն… Ոչ ոք, ոչ ոք գիտե վիշտն՝ Որ թոքերուս մեջ, զերդ խաշխաշ թունաբեր, Արագորեն կ'ուռճանա, Ոչ ոք գիտե թե ի՜նչ կերպ Հուսհատություն օրե օր զիս մահվան հետ Կ'ընդելացնե, թե կ'երթամ ի՛նչ ճամբայով Կյանքիս մոխիրն ես իմ ափին մեջ կըշռել. Մահկանացու նայվածքներու վարագույր Պիտի ըլլա սարդի ոստայնը՝ զոր ես Լռությամբս հոգվույս ավերին վրա կը հյուսեմ։ Դո՜ւն գիտես լոկ ճակատագիրս ահավոր, Ո՜վ Լուսընկա ուրվադեմ, Որ հորին մեջ տըրտմաթախիծ կը ժըպտիս Եվ զիս քեզի՜ կը կանչես։ Դո՜ւն գիտես լոկ թե ի՜նչ հողով թունավոր Թըրծըված է բաժակն այն՝ Որով կյանքս իմ խըմելու եմ սահմանված. Ու կը խոկաս բախտիս վըրա, կը գըթաս. Յուրաքանչյուր շիթն արցունքիս՝ որ կ'իյնա Խորության մեջ ջըրհորին՝ Կ'այլայլե դեմքդ, ու հառաչել կու տա քեզ։ Կանո՜ւխ է դեռ, իմ ձեռքերս իմ արյան մեջ Թաթխելու դեռ կանո՜ւխ է։ Երբ շիրմաբույր իմ գոյությանըս կարոտ Սըրտերուն մեջ, սըրտերուն հետ նախ մեռնիմ, Եվ հանձնեմ քնարս աստվածներուն ոլիմբյան, Որ կը դարձնե դեռ հաճո Իմ կյանքս ուրիշ արեգնամոլ կյանքերու. Երբ հույսի Ուղտն, ալ խոնջ, ծալլե ծունկերն իր Անապատին մեջ օրերուս անծաղիկ, Այն ժամանակ, մտերի՜մ հոր, Ամեն անոնք, որ ինձ դափնի կը քաղենք Պետք է դառնան, թող դառնան, Շուրջն եզերքիդ մեռելապսակս հյուսելու. Քանզի այն օրն, անիծելով հայրական Համբույրը կույր՝ որ եղավ Իմ սև սերմիս առաջնորդ, Դարձյալ քեզի՜ պիտի գամ, Քու երազկոտ, նիրվանական ջուրերուդ՝ Ուր ճակատեն կը սըրբըվի՝ արևուն Խարանը պիղծ, կը լըվացվի ամեն տարր Ու ամեն հոգ կը հաղթըվի, կը թողու Հոգին ազատ, հոգին մաքուր, մըտնելու Գիրկն Հանգիստին։ Դարձյալ քեզի՜ Այսպես խաղաղ իրիկուն մերթ տնակին մեջ Մայրըս կ'երգե, ըզբաղած, Մահվան սաստիկ ծարավեն՝ Չըդընելով ուշ եզերքիդ բաղեղին՝ Որ գըթությամբ պիտի կառչի քըղանցքիս, Պիտի նետեմ մարմինս այս խոնջ, կարևեր, Խորհուրդիդ մեջ… իմ հետին ճիչս օրհասի՝ Խորության մեջ դարձդարձիկ՝ Պիտի գանգյուն տա քարերուդ միջև թուխ, Որուն ի լուր՝ մերձակա Դըռնեն մայրս իմ լեղապատառ պիտ՝ վազե. Սակայն զարթնուն պիտի քնացող ալիքներդ Ու զիս ընդհուպ ընկլուզեն. Հետո իրենց սովորական պըշնումով, Աղիտավոր գահավիժման ամեն հետք Պիտի ջընջեն։ Լըռությունն՝ իր պատըռված Պատանքը վրաս պիտի հյուսե վերըստին Եվ Լուսընկան (որ պիտի փշրի անկումես Ծընունդ տալով հազարավոր աստղերու) Հետո դարձյալ, խաղաղիկ, Պիտի առնե ձևն իր նախկին, պիտ ըլլա Ջուրերուդ վրա՝ իմ անձնասպան հոգիես Բողբոջած մեծ արյունլըվա նունուֆար Մորուն արմատն ոչ ոք գիտե թե ո՞ւր է։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 78