Անցնել բովանդակությանը

Հրաշքին աղբյուրը

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Աղջի՞կս, եկո՞ւր, քեզ տանիմ Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն Վըճիտ Աղբյուրն Հըրաշքին։ Հիվանդներուն թափորն անոր կը դիմե Արևին տակ հազալով։ Լուրթ ու կարմիր վարշամակով, խուռներամ, Կ'երթան դանդաղ. կը լըսե՞ս ձայնն աղոթքին Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն։ Ձեռքդ ինծի տուր, դուստը՛ր, աչքերըդ ծածկե Ձյունասպիտակ քողիդ տակ՝ Որ ըզդաս խոր — մինչև դըպչըվիլը հոգվույդ — Արեգակին հոտն առողջ Որ շուրջը մեր կը բարձրանա ավասիկ Անդորրավետ այգիեն։ Տերևներուն տակ լայնշի Կը կարմըրին ողկույզներն, որքա՜ն ատոք. Որթատանկեն կորակոր Կարծես գինին — որ աշնան Ծունկերուդ ուժ պիտի տա — Հողին վըրա պիտի թափի անհամբեր։ Քալե՛, աղջիկըս, քալե՛, Մո՞տ է Աղբյուրն Հըրաշքին։ Վատախտարակ ամբոխը զայն չըծածկած, Աղջիկը՜ս, տե՛ս, ինչպե՜ս հըզոր կը բըղխի Ժայռին ծորեն դուռին մեջ։ Սարավանդեն թըխապըտուղ մորենին Անոր վըրա է կախվեր։ Ո՜րքան մարգրիտ ակին մեջ. Եվ գուռին մեջ ո՜րքան լույս։ Հովիտին խորը թագնված Ան ադամանդ ու երգ է, Երգ մըն է ան՝ մենության մեջ գըլգըլուն՝ Որուն ի լուր մայր բընությունը շուրջի Գիշերվան մեջ կ'ավշավետի, կը մեղմե Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր։ Հեռուներե՜ն ու խորերեն ան կու գա. Կ'անցնի թագուն անձավներե՝ ուր առկախ Շրթաքարեր կան լազվարթ Նայադներու աչքերուն պես արտասվող, Ուր կա սառույց բյուրեղյա Որուն հազիվ կը հասնին Մայրիներուն վիմապատառ արմատներն. Հոն կան բրածո ադամանդյա խըլուրդներ, Մարգարտացած հին օձեր, Հոն կան հուրեր, լույծ ոսկիի լըճակներ, Լայնածավալ անտառներ՝ Իրենց մեջի մրրիկներով ածխացած… Հեռուներեն ու խորերեն ան կու գա։ Եվ կը պատմեն թե առած է այն օրեն Պայծառությունն իր լուսեղ Երբ սրբուհի մը մոտակա գյուղերեն Եկավ անոր մեջ լըվալ Համեստ աչքերն այր մարդե բնավ չհամբուրված։ Ո՜հ, ջուրն է սուրբ, աղջի՜կըս, ջուրը դեղ է՝ Գերեզմանի հոտ բուրող Ամեն տեսակ ախտերու։ Հիվանդներուն հոտն ահա Ի՜նչպես անոր լույսին վըրա կը հակի։ Կ'ըմպե՜ն, կ'ըմպե՜ն, և քուրին մեջ կը հազան, Կ'ըմպե՜ն, կ'ըմպե՛ն, և ջուրին մեջ կ'արկան։ Կիներ են, տե՜ս, որ բընավ Վարդ շըրթունքներ և վարդ այտեր չունեցան. Ծըխախոտի արտերուն մեջ թունաբեր Ծառին բունին վրա բուսնող Սունկերուն պես դեղնեցան։ Իրենց արգանդը երբեք Բեղմնավորել չըզորեց սերմն առնական։ Կ'ըմպե՜ն, կ'ըմպե՜ն, և կը կապեն մաքրենի Մորենիին ճյուղերուն Հարսանեկան նուրբ նարոտնին իբըր նվեր. Ու ավասիկ պտուկներն իրենց ծիծերուն Անգամ մըն ալ կը թաթախեն Աղբյուրին Զովության մեջ, ու կ'ըմպե՜ն… Տըղաքներ են, պատանիներ ջլախտավոր, Գործատանի մեջ ծընած, Որոնց աչքին մեջ խուժեց Արյուն մ'հիվանդ ու տեռատես, կամ որոնց Թևն ու սըրանքը, մեքենան հաստաբեստ Իբրև վիշապ մ'ամեհի՝ Խըլեց, խառեց, կուռ ժանիքովը կասկեց. Կու գան ահա՝ նըվիրական ջուրին մեջ Լըվալ իրենց Աշխատանքի վերքերուն Բերանն հրաբորբ, և բիծերն Իրենց երկար թարթիչին։ Կայսեր են, տե՜ս, ժանեկազարդ քույրեր են՝ Որ բարձին վրա հայեցան Փըրփուրներու պես անգայտ, Որոնց թոքին կեսն, ավա՜ղ, Դատարկեց որդը սիրո, Եվ արդեն իսկ պըտըտցուց Սըրտերնուն վրա իր սողոսկյունը ցըրտին։ Ահա լայնշի քողերուն տակ կը հակին Աղբյուրին վրա, կը խըմեն փա՜կ աչքերով. Ավերն իրենց դեմքերուն Չըտեսնելու համար խորունկը ջուրին՝ Կը խըմեն փա՜կ աչքերով։ Եվ կը զոդեն մազերնեն փունջ մ'օծանուտ Մորենիին՝ արդեն նվերով բեռնավոր, Ու կը դառնան մըրմունջներով աղոթքի Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն։ Դո՜ւստըր, ահա մինակ ենք. Հավատքը թող տաք անձրևի մը նըման Մեր սըրտերուն մեջ ցողի։ Եկո՜ւր, եկո՜ւր, ո՜վ իմին Սերս անուշակ, Զանակացոլ ավազուտին վըրա նուրբ Ծալլե ծունկերըդ դողդոջ Եվ Աղբյուրին վրա ծըռե։ Ահա ես քողըդ ե՜տ առի, ո՜րքան լույս Ճառագայթեց դեմքիդ վրայեն՝ ակին մեջ։ Կարծես բերնին մեջ Աղբյուրին՝ երկինքեն Աստղ մ'ինկեր կը ցոլա։ Ըմպե՛, աղջի՜կըս, ըմպե՛… Եվ թող կուրծքիդ տակ մեռնի Եղեռնավոր սերն այն հըպարտ պարմանին՝ Որ քեզ տըվավ իր մատանին, սիրտը՝ ո՜չ։ Մի՜, մի՜ հազար, ըմպե՜, աղջի՜կըս, ըմպե՜։ Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով Է քաղցրացած, թախիծդ ընդհուպ կը բուժե, Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված Շուշանի պես՝ պիտ բուրեն Գեղ և առույգ թարմություն, Եվ երբ քալես պիտի սըրսփա միսըդ հույր Բյուր ձևերով ներդաշնակ։ Ըմպե՜, աղջի՜կըս, ըմպե՜, Եվ Աղբյուրին ձոնելու Նըվերդ ահա՜, կը տըրոփի ափիս մեջ, Տատրա՜կն է այս Աստղիկին, Վարդ կըտուցով, փետուրներով ձյունաթույր Տատրա՜կն՝ որ միշտ թևածեց Շուրջը գլուխիդ, ըստինքներուդ վրա թառած՝ Խըմեց ջըրիկն իր անհագ Սըրտիդ ակեն վիրավոր։ Այս՝ քու հիվանդ սիրայդ պատկերը, մորթե՛ Գուռին քարին վրա մորթե՛։ Հերի՛ք ծոցիդ մեջ գըգվես Գըլուխը ժիր և մագիլներն իր խոցող։ Հերի՛ք լուսեղ ափիդ մեջ Կ'երցընես կուտն իր անգին. Աստղիկի այդ տատրակը վարդ կըտուցով, Գուռին մամռոտ քարին վրա, Մորթե՛, աղջիկըս, մորթե՛։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 141