«— Մայրի՛կ, նայիր, արևն ի՜նչպես…»
1899
— Մայրի՛կ, նայիր, արևն ի՜նչպես
Դեղնել է, ցուրտ է ի՜նչպես.
Լույս չի տալիս, ու նայի՛ր, տես՝
Չորս դիս՝ դալուկ աշնան պես։
Եվ սար ու ձոր՝ լուռ — սևավոր,
Անտառ, առու սուգ կանեն։
Գարուն օրով այս ի՞նչ ցավով
Երկիք — երկիր մեռել են։
— Ա՜խ, սիրելիս, դաշտ ու անտառ
Գարնան գրկում նոր ծաղկան։
Վառ արևն էլ, տե՛ս ի՜նչ պայծառ,
Ու ցավ չունին, բալա ջան։
Ավա՛ղ… մենակ սիրտդ է մեռել,
Ու սրտիդ մեջ — ամեն բան.
Սիրո ցավով սիրտդ է մեռել,
Դալար կյանքդ, բալա ջան…
1899, Սարիղամիշ