Հայրենիքիս
1929
Ցորենի ծըփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին. —
Մի՞թե դու չէիր, հայրենի՛ք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից,
Հորդացող — եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրըս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկի՛ր կաթոգին։
Այնքա՛ն ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողըդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանըդ վառ՝ սերըդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկի՛ս, երկի՛ր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչե՛ս, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբուխ։
1929, Գյումրի
Ավետիք Իսահակյանն ունի «Հայրենիքիս» վերնագրով այլ ստեղծագործություններ («Ակութներից հին հայրենի» և «Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝»)։