Հայրենիքիս
1926
Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծո՛ւն.
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծըփո՜ւն։
Կանչում ես ինձ լուսաբարբառ
Քո սիրազեղ կոչով՝
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով։
Վա՛ռ ու հզո՛ր քո ապագան
Կայծակում է իմ դեմ.
Դո՛ւ հավերժող իմ Հայաստան,
Անուն քա՛ղցր ու վսե՛մ։
1926, Վենետիկ
Ավետիք Իսահակյանն ունի «Հայրենիքիս» վերնագրով այլ ստեղծագործություններ («Ակութներից հին հայրենի» և «Ցորենի ծըփուն արտերի եզրին»)։