«Հայրենիքից հեռու, մի օր…»
1919
Հայրենիքից հեռու, մի օր,
Եթե մահը զարկե ինձ,
Միևնույն է՝ թաղվիմ ուր որ, —
Մեր մոր գրկումն եմ նորից։
Սակայն, քաղցր է ննջել դաշտում.
Խնձորենու շուքի տակ,
Որ գարունքին շիրմիս ծուփ գան
Ծաղիկները սպիտակ։
Եվ ամառը՝ աղջիները
Վրաս կանգնեն երգելով.
Քաղեն, լցնեն գոգն ու ծոցը
Կարմի՛ր, կարմի՛ր խնձորով։
Եվ աշունքին՝ սիրուս նման
Մեռած, լացած մի երազ՝
Տերևները դալուկ, դեղին,
Իջնին, մեռնին իմ վերաս։
Երբ ձմեռ գա՝ լռիկ ու հեզ՝
Բյուրեղները ճյուղերեն
Շիրմիս կաթեն արցունքի պես
Մենության մեջ ձյունեղեն։
1919, Ժընև