«Գիշերը պատեց իմ դուռն ու երդիկ…»
1911
Գիշերը պատեց իմ դուռն ու երդիկ,
Եվ օրեր կանցնին ու չի լուսանա.
— Իմ քնքուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ,
Մի՛ դիպչիր սրտիս,— փշրված է նա։
Իմ գլխին պայթեց բախտի գոռ մրրիկ
Ու տունս դարձուց տխուր, վերանա.
— Իմ անուշ մանկիկ, իմ սիրուն մանկիկ,
Մի՛ դիպճիր սրտիս, — փշրված է նա։
Կուգան ու կերթան ճաճանչ ու ծաղիկ,
Ա՜խ, միևնույն է ինձ համար հիմա.
— Իմ քնքուշ մանկիկ, իմ երազ-մանկիկ,
Մի՛ դիպչիր սրտիս, — փշրված է նա…
1911