Բինգյոլ
1893
Շընկշընկալով հովն է փչում
Զով Բինգյոլի1 լանջերից.
Գոչգոչալով ուղխն է վազում
Խոր Բինգյոլի ձորերից։
Հորուտ-Մորուտն ծաղկանց ծովում
Բուրում է բույր ու երգեր.
Շուխիկ-հուրին լըճի ծոցում
Լողանում է անընկեր։
Հրեշտակը երկրի կյանքից
Դյութված, ապշած լիուլի,
Վայր է ընկնում աստղոտ երկնից —
Ընկնում գիրկը Բինգյոլի։
Փերուզ-երկինքն հըրեշտակին
Կարեկցում է, ցավակցում. —
— «Ա՜խ, ափսո՜ս քո անմահ կյանքին,
Որ չըփայլեց դրախտում…»
Բյուրեղ լըճից ցողն է ելնում
Ծիածանի ժըպիտով.
Ծաղիկների ջինջ բողբոջում
Հանգ է առնում շողալով։
Զմրուխտ-երկիրն հրեշտակին
Ողջունում է, փաղաքշում.
— «Ա՜խ, երնե՜կ քո մատաղ կյանքին,
Որ պիտ ծաղկի Բինգյոլում»։
Վառ անուրջում ուղխն է մնչում,
Ծփում են սեզ ու արոտ,
Բլբուլների հույլքն է շնչում,
Շնչում է սեր ու կարոտ։
Անո՜ւշ-անո՜ւշ հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից,
Ոլոր-մոլոր ուղխն է փախչում
Խոր Բինգյոլի ձորերից…
1893, Վիեննա
Ավետիք Իսահակյանն ունի «Բինգյոլ» վերնագրով ևս մեկ բանաստեղծություն («Երբ բաց եղան գարնան կանաչ դռները...»)։
Ծանոթագրություններ
- 1 Բինգյոլ — պատմական բարձրավանդակ և լեռնային շրջան Արևմտյան Հայաստանում, որը հայտնի է իր բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, լճակներով ու արոտավայրերով (անվանումը թարգմանաբար նշանակում է «հազար լիճ»)։