Անցնել բովանդակությանը

Ես իմ անուշ Հայաստանի

«Տաղարան» ժողովածու · 1921

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն1 եմ սիրում, Մեր հին սազի2 ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման3, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն4 պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե5, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ6, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր7 գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր — Էլի՛ ես որբ ու արնավառ8 իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում։ Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա։ Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ9 ճակատ չկա։ Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա։ Ինչպես անհաս10 փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ծանոթագրություններ

  1. 1 բառ — որոշ աղբյուրներում բառի փոխարեն գրված է բար (բերք, պտուղ):
  2. 2 սազ — Հայաստանում, Ադրբեջանում և Դաղստանում տարածված հնագույն կսմիթային լարային նվագարան, ունի տանձաձև հնչարկղ և երկար նվագակոթ
  3. 3 վառման — վառ, բորբոքուն, ջերմ
  4. 4 հեզաճկուն — հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն
  5. 5 լուսե — լույսի նման պարզ ու վճիտ, լուսավոր
  6. 6 վսեմ — բարձր, վեհ, ազնիվ
  7. 7 երկաթագիր — հայերեն գրերի հին ձևով գրված, որը նման է այժմյան տպագրական գլխագրերին,
  8. 8 արնավառ — արյունով վառվող, արյունաշող, արյան պես վառ, վառ կարմիր
  9. 9 լուսապսակ — (փխբ․) փառքով պսակված, փառապսակ կրող, փառքի արժանի
  10. 10 անհաս — անհասանելի, անմատչելի

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը (1921, «Տաղարան» ժողովածուից) Հայաստանի և Արարատի մասին։

Այն հեղինակի ամենահայտնի բանաստեղծությունն է, որի առաջին տողը գրված էր 1000-դրամանոց թղթադրամի վրա, իսկ System of a Down խումբը կատարում է իր համերգներին։ Չարենցը նկարագրում է իր սերը Հայաստանի նկատմամբ ոչ թե վերացական արտահայտություններով, այլ շոշափելի կերպարներով՝ բառ, սազի նվագ, ծաղիկների բույր, աղջիկների պար, մաքուր ջրեր, գրքեր, Նարեկացու ու Քուչակի գործեր և Արարատ լեռը։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

1000-դրամանոց թղթադրամ՝ Չարենցի նկարով և բանաստեղծության առաջին տողով
1000-դրամանոց թղթադրամ՝ Չարենցի նկարով և բանաստեղծության առաջին տողով
Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու Տաղարան
Տողերի թիվ 16