«Երգում է քաղաքն իր երգն առօրյա…»
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»
Երգում է քաղաքն իր երգն առօրյա,
Իսկ ես — մտածկոտ, տրտում ու լռին —
Կանգնել եմ ահա կամուրջի վրա
Եվ նայում եմ հորդ, հեռացող ջրին։
Նայում եմ տարված, մոռացված, անթարթ։
Վազում են, վազում ջրերը անվերջ։
Փրփուրի միջից ահա մի նայադ1
Ինձ ձեռքով արավ և իր մոտ կանչեց։
Որպես մանկական կապույտ երազում—
Խառնվեց ահա ճերմակ փրփուրին.
Եվ թվում է, թե կամուրջն է վազում,
Որ հասնի անդարձ հեռացող ջրին…
Ծանոթագրություններ
- 1 նայադ — դից. հոսող ջրերի հավերժահարս. գետային ջրահարս։