Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի
«Տաղարան» ժողովածու · 1921
Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի։
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ։
Կարոտ եմ սուլթանի, սիրեկան խանի —
Անուշ է քո էշխի բերածը, գոզալ։
Սրտիս համար անուշ երազ ես հիմի,
Քնիս մեջը տված մուրազ ես հիմի,
Հեռու ես — Վարդստան, Շիրազ ես հիմի`
Չի՜ լավանա էշխիդ էրածը, գոզալ։
Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի։
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ։
Էշխդ թող թուր ըլի, իմ սիրտն հանի —
Անո՛ւշ կենա սրտիդ սիրածը, գոզալ։