Անցնել բովանդակությանը

«Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,»

«Ողջակիզվող կրակ» ժողովածու · «Առավոտ»

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց, Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր։ Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց, Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր։ Վառվել է երկիրը կարմիր կրակով. Կարմիր նժույգները վառե՛լ են երկիրը, — Թռչում են — հողմի՛ պես — անընդհատ շարքով, Ամեն տեղ — երաշտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է։ Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՛ռ, Կայծերը նետի՛ պես ճեղքում ե՛ն գալիքը, Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար. Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը — բարիք է։ Թռչո՛ւմ են, թռչո՛ւմ են անվերջ, սրընթաց Կարմիր նժույգները, բաշերը — փրփուր, Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց — Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Ողջակիզվող կրակ
Տողերի թիվ 16