Հայաստանին
«Տաղարան» ժողովածու · 1921
Հազար ու մի վերք ես տեսել,— էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի1 ձեռք ես տեսել,— էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել,— էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հերք ես տեսել,— էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել,— էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել,— էլի՛ կը տեսնես։
Ծանոթագրություններ
- 1 խալխ — (բարբառային) ուրիշ, օտար, օտարազգի, ոչ նույնը։ Վրացերեն «ხალხი» (խալխի)՝ ժողովուրդ, ամբոխ բառից։