Եվ մի իրիկուն զանգերի երգում
«Տեսիլաժամեր» ժողովածու · 1915
Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո։
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում1
Կանչում էր անտես… Խաղա՜ղ երեկո։
Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ —
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ…
Անցար — լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜,
Ճառագայթի պես իրիկնամուտի։
Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի…
Ծանոթագրություններ
- 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում