«Աշունը դեղնաթուխ նստել է դռանը…»
«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը։
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է։
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը։
Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս՝ մենակ է, տխուր է։
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են՝ աշո՛ւն է…
Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…