Հեռավոր, անել լեռնագագաթներ
«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907
Հեռավոր, անել լեռնագագաթներ,
Պայծառ արևի գահեր հիասքանչ,
Սիրտըս մեռնում է, լեռնագագաթներ,
Ներքևում նիրհող դաշտերում կանաչ։
Ւմ երազները ձեր գիրկն են թռչում —
Բա՜րձր, դեպի վե՜ր, արեգակին մոտ,
Ուր խենթ բոցերի խուրձեր դողդոջուն
Լուռ դալկանում1 են երկնում անաղոտ։
Հեռո՜ւ, օ՜, հեռո՜ւ այս ունայնաշունչ
Տխուր դաշտերից, հանդարտ ու անկյանք.—
Գրկի՛ր ինձ, անել գագաթների շունչ,
Սիրտըս բորբոքի՛ր, բարձրության բերկրանք։
Թող իմ աչքերը լույսից կուրանան,
Թող սիրտըս լցվի արևի բոցով.
— Օ՜, երջանկություն անել բարձրության,
— Լուսեղեն երկնի անեզրական ծո՜վ…
1907-1908
Ծանոթագրություններ
- 1 դալկանալ — դալուկ (դժգույն, գունատ) դառնալ, գույնը գցել, դեղնել