Աշնան տրտմություն
«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907
II pleure dans mon cœur Comme il pleut sur la ville…
Paul VerlaineԿրկին իմ հոգում
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում1
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած2 ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան2
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում1 անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Իմ հոգու մեջ է՛լ…
1907
1912-ին տպվել է «Աշնան տրտմություն», իսկ 1923 և 1940 թթ.՝ «Աշնան երգ» վերնագրով։
Ծանոթագրություններ
- 1 միգում — մեգ բառի ներգոյական հոլովը. նշանակում է՝ մշուշում, մառախուղում
- 2 դալկանալ — դալուկ (դժգույն, գունատ) դառնալ, գույնը գցել, դեղնել