14 տող
«Մթնշաղի անուրջներ» ժողովածու · 1907
Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ1,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։
Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,—
Իմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։
Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ —
Հավերժում կորած մի մոլոր ասուպ1.
Սահում Է կյանքը հյուսելով ժանյակ2,
Անցնում եմ վիհեր3, լեռներ երկնահուպ,
Ինձ համար չըկա ժամ ու ժամանակ,
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ1…
1907
Տերյանն ունի «14 տող» վերնագրով երկու սոնետ. մյուսը սկսվում է «Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,» տողով։
Ծանոթագրություններ
- 1 ասուպ — վայր ընկնող աստղ, երկնային պինդ մարմին, որ միջմոլորակային տարածություններից հսկայական արագությամբ երկրի մթնոլորտն ընկնելով շիկանում ու պայծառ լույս է արձակում
- 2 ժանյակ — նախշավոր ծակոտկեն կամ ցանցաձև ասեղնագործական գործվածք
- 3 վիհ — մեծ խորությամբ փոս, խորխորատ, անդունդ
Թեմաներ