Ծաղկում
Ես չիմացա՝ դեղձենին արշալույսի՞ց բռնկվեց,
Թե՞ արշալույսը՝ նրա բռնկումից այս ծաղկած…
Եվ կանգնել է ծառն ահա այգաբացի լույսի մեջ
Իբրև փոքրիկ այգաբաց։
Կանգնել վառվում է մենակ, կանգնել վառվում է լռին,
Օ լռելյայն է հնչում աշխարհում երգն այրումի,
Զով այգաբացն իր ձեռքով ցող է մաղել բոցերին,
Որ խենթ այրումը մեղմի։
Սակայն լուրն այս ծաղկումի, իբրև բարի ավետում,
Այդ ո՞վ տարավ այդքան շուտ մեղուներին ոսկեթև,
Որ եկել են ու իրենց բոցերի մեջ են նետում՝
Իբրև փոքրիկ ասպետներ։
Ու երգում է ծառը տե՛ս, քաղցր մի երգ է երգում,
Երգում է երգը սիրո, նվիրումի ու այրման,
Եվ այդ երգից, այդ երգից ջրերն անզուսպ հեկեկում,
Քարը լալիս է անձայն։
Եվ մեղուները ոսկե, և մեղուները զեղուն
Հեռանում են՝ քաղցրության բեռն ու պաշարը կապած,
Ու վառվում է դեղձենին այգաբացի լույսերում՝
Իբրև փոքրիկ այգաբաց։
Թեմաներ