Այգեպանի աղջիկը
Դուրս է եկել, ոտաբոբիկ կանգնել հողին
Ու նայում է, նայում հեռուն,
Հողից խայտանք է բարձրանում, փոխվում դողի
Ու կրծքի տակ քաղցր եռում։
Սև են ծամերն, իսկ երեսից լույս է ծորում,
Բարալիկ է՝ նման վազի,
Այս գարնան հետ աչքերի մեջ նրա խորունկ
Ցոլքն է ուրիշ մի երազի։
Այս գարնան հետ, ախր, շատ է գեղեցկացել,
Դարձել թախիծ ու կարոտանք,
Չթե շապիկն այս գարնան հետ նե՛ղ է դարձել,
Սեղմել կրծքի ալիքը տաք։
Ինչ-որ դողից թրթռում է թևը հոնքի,
Ու նա աչքերն է լուռ փակում,
Բոբիկ է նա, հողը հրաշքն իր զարթոնքի
Նրա մեջ է շարունակում…