Երազի պահեր
Լույսը մարած սենյակիս մեջ,
Ուր կը հոսին գալար գալար
Հորդ ալիքները մութին,
Ու կ՚ անհետին
Արծաթ շողերն երազի.
Ես կը փնտռեմ մըտամոլար
Ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային՝
Որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին։
Ես կը փնտռե՜մ,
Ըսպասումեն հոգիս համակ պարտասած,
Ու տենչանքով մշտահած.
Ես կը փնտռեմ,
Հորիզոնին վրա նըսեմ,
Լույսի շող մը՝ զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած։
Ու տակավ,
Կ՚ իջնե ձանձրույթն երազանքիս,
Հանդիսավոր ու տրտում,
Ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
Անձկությունով անպատում։
Մըտածումը, ինչպես ճամբորդ ուղեկորույս,
Կ՚ անցնի փութով, անձկագին,
Երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս,
Ճամբաներեն իմ մտքին։
Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
Ճամբաներու լույսերն ամեն,
Հանկարծական խուճապի մը մատնըված.
Ճառագայթի հազիվ վերջին
Բիծ ու խաղեր կը համեն
Քովը ճամբուն մթամած՝
Ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն։
Ես կը փնտռե՜մ,
Պատըշգամին վրա կանգուն,
Զույգ մը աչքեր՝ մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
Հոգվույս մեգ ու խավարի
Անդոհության մեջ դժխեմ։
Պատըշգամին վրա կանգուն,
Ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
Մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս՝
Ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն՝
Որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս։