Անցնել բովանդակությանը

Ցայգերգ

(Սիրային)

1902

Իղձերս ամեն, խոստումներս ալ ճըշմարիտ՝ Հույսով մը լի, ոտքիդ առջև դըրի ես. Չը զըլացա քիչ ո՛չ հառաջ, ո՛չ ժպիտ. Բայց, ա՜հ, երբեք չը ճանչցավ զիս սիրտըդ վես։ Քեզի համար նույն իսկ հոգի՛ս զոհ ընել Ես ուխտեցի աստղերուն դեմ, երկնի տակ.— Դու շունչդ ինծի թույլ չը տըվիր վայելել, Չը ճանչցար զիս, չը հասկացա՜ր, ո՛վ հոգյակ… Սեր — քընարիս լուրերը լոկ քեզ համար Թըրթռացուցի, քեզ երգեցի հեծումով. Միշտ ցանեցի հետքիդ արցունք անհամար.— Ցույց չը տըվիր դու ինձ ո՛չ գութ, ո՛չ գորով։ Դեմքիդ մեղր ու նըշույլ լուսնին դեմ Նըստած, մենակ, լացի քանի՜ գիշերներ. Հուզված կուլար նաև լուսնակն այն ատեն, Եվ ես՝ քեզի, անիկա զի՛ս կ'արտասվեր։ Այս ամենուն վըրա, անգո՛ւթ, չունեցար Ո՛չ արտասուք, ո՛չ բառ և ո՛չ ծիծա՜ղ մ'իսկ, Բընավ ինծի չը բացիր գիրկդ հըրավառ. Չինկավ սըրտիս նայվածքըդ խոր, թափառիկ։ Գեթ նայվածքիդ տեղ այս սըրտիս զա՛րկ դաշյո՜ւն, Պատռե, ճեղքե, ծալքերը բաց և կարդա՛. Հոն, արյունե մեծ տառերով քու անուն Քանդակված է. իմ խենթ սիրույս՝ խենթ վըկա։

1902, հունիս 9

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24