Ուռիներու շուքին տակ...
Ա.
Ուռենինե՜ր, լացե՜ք, լացե՜ք անդադրում,
Արտասուքնիդ շիթ շիթ հոգիս կ՚ արծաթե.
Ես կը փարիմ մենիկ պահին այս տրտում՝
Ուր ձեր հեղուկ նըվագն հուշիկ կը կաթե։
Ծաղիկներուն գոտին դեղին, լայնարձակ
Արոտներու զյումրյութ իրանն երբ գրկե,
Ու միջօրեի արեւն ալ՝ խուրձ ու տրցակ
Շողերն իր՝ բիլ ժապավենով մը պրկե։
Կուգան կույսերն իմ անուրջիս, հերարձակ,
Մանիշակե բըլուրներեն ու դաշտեն,
Ես կ՚ ունկնդրեմ հապըշտապ ու համարձակ
Քայլերուն՝ որ լուռն ուժգնորեն կը շեշտեն։
Ու կը պարե՜ն, իրենց նազանքն հարսենի
Ու նայվածքնին քողքած կազի մըշուշով,
Իրենց վարսքին հետ կը խաղա սյուք մը զով
Եվ այտերնին կակաջի պես կը շիկնի։
Իրենց մարմինն՝ ակնվանի թափանցիկ,
Իրենց հոգին՝ համբույր համակ ու շուշան,
Իրենց սիրտը՝ հուր շրջմոլիկ ու բաղձիկ,
Իրենց ծիծաղն՝ արշալույս մը ջինջ գարնան։
Բ.
Ուռենինե՜ր, արտասվեցե՜ք տրտմագին
Գորովակաթ արցունքը ձեր արծաթե.
Քաղցր է ինծի զեղումն այդ ձեր թախծանքին՝
Որ տրտմանույշ կայլակներով կը կաթե։
Տիվանդորրին համբուն՝ ժամերն են ոսկի,
Ձեր սաղարթին գորշ ու տարփոտ շուքին տակ՝
Ուր բուրմունքը կու գա ծաղիկ ու հասկի
Եվ կը հնչե հուշքերուս ծափը խայտակ։
Ուր մերթ ձայնն ալ թմբկիկներուն հեռավոր,
Ու ծիծաղը բամբիռներուն արծաթի,
Ու գնչուհի երգիչներու տարփավոր
Սիրերգներուն արձագանգն ալ կը ցաթի։
Ու երբ դարձյալ հովիտն համակ ընդգրկե
Անդաստանին վայրի Լուռը թեւավոր,
Ու երբ ծառուտքն ալ արբեցած խոնջենքե
Անշարժանա իր խոկին մեջ մենավոր։
Արագիլ մը կ՚ անցնի հանկարծ անվրդով,
Ցուցադրելով կարմիրն իրեն կտուցին
Ու կտաքնա մեջն արեւին հուր ցանցին,
Ու կը ցանե հոս հոն կափկափն իր թոթով։
Գ.
Ուռենինե՜ր, շիթ շիթ արցունք ցողեցեք,
Մինչ բուրմունքնիդ իմ հոգվույս մեջ կ՚ ամպանա,
Եվ այս չքնաղ անդորրության հեց՝ թող հեք
Երազանքըս պահիկ մը գեթ հեշտանա,
Եվ երբ իջնե լեռնեն հովիկն իրիկվան,
Ու սրսըփա թախծոտ օրհներգը սոսին.
Երբոր ցայտքերն ավազանին մեջ հոսին
Ու ձեր շուքին տակ թռչնիկներ թռվըռան.
Ու երբ արեւն ալ քրքմաներկ վրձինով
Ոսկեզօծե սըգատամուկ ձեր հոգին,
Երբ համբույրի պես փաթթըվի ձեր շոգին
Անոր ցոլքին՝ եղկ, տարփագին ու գինով.
Միշտ, համրագին կաթկըթեցեք դուք նորեն
Արծաթելու համար խորհուրդն անպարփակ
Որ շուքե շուք կը թռչըտի լայնորեն
Ընդգրկելով ամեն դալար շրջափակ։
Ու երբ ցայգն ալ ծառաստանին մեջ սահի
Սեւ մագիլով ձեր ջինջ հոգին ճանկելու,
Լացե՜ք նորեն, դուք համակերպ ու հըլու
Դողդըղագին ձեր տագնապին մեջ ահի։