Անցնել բովանդակությանը

Ի՜նչ արբեցությամբ...

Գեղամ Բարսեղյան բարեկամիս Ի՜նչ արբեցությամբ, ծառեր, լույսին մեջ, Ծառեր հովին մեջ եւ անձրեւներուն, Վարսավոր ծառեր, ծառեր երկնուղեշ, Ու ծառեր մատաղ՝ ծովածուփ կանանչ Ցորենի ցանքին գոգն ինկած շվարուն՝ Ամենն ալ կյանքին կ՚ ըմպեն հորդ ճաճանչ։ Ի՜նչ արբեցությամբ խոտն՝ որ հողեն վեր Կ՚ ելլե, ըզմայլո՜ւն՝ կը բանա լույսին՝ Վայրկյան մը ապրող իր ցողե աչքեր։ Ի՜նչ արբեցությամբ ծաղիկներ շաղին, Ծաղիկներ լույսին, մըտերիմ ձեռքին, Ըսպասումներուն մեջ կը նըվաղին։ Ի՜նչ արբեցությամբ ամեն մեկ արոտ, Ամեն մեկ բլրակ՝ իր կանանչ ճակտին Կը կապե երփնած ծաղիկե նարոտ։ Ի՜նչ արբեցությամբ դաշտերեն խորոտ, Եվ հարս հովիտեն՝ կարմըրոտանի Կ՚ առնե արագիլն իր դարձին կարոտ։ Ի՜նչ արբեցությամբ սարյակներն, արթուն, Լո՜ւյսը կը ծըծեն, լո՜ւյսը կը հծծեն, Մրգաստաններու մեջեն սաղարթուն։ Ի՜նչ արբեցությամբ ձյուն ճայեր, ծըփին, Բարձրեն՝ օդաճեմ լյուղ կու գան. արփին Մեջ կ՚ ոսկեզօծին ու կը թեւանան։ Ի՜նչ արբեցությամբ տատրակն հարսենի, Առագաստ ըրած ծառի հովանին՝ Կըսպասե տարփոտ իր վարուժանին։ Ի՜նչ արբեցությամբ թիթեռն է բացեր, Լելակի մանրիկ լիճին վրա փրփրուն՝ Առագաստաշեն իր կաթ թեւիկներ։ Ի՜նչ արբեցությամբ ծիրանի դաշտին Շեկ ծաղիկներուն կը վազե մեղուն, Ծըծել իգայի պտկունքներն հեշտին։ Ի՜նչ արբեցությամբ ծովերն են կապույտ, Գետերն՝ հորդաջուր, աղբյուրներ՝ զեղուն, Լիճեր՝ խաժագույն, առուն՝ շուտափույթ, Լոռածամ առուն՝ որ կ՚ անցնի քովեն Ուռեստաններու գեջ, լսնակապույտ։ Ի՜նչ արբեցությամբ ամպեր կը թոթվեն Հրաշալի հեղուկն իրենց ըստինքին՝ Որ զերթ ասղանի վար կը սողոսկի՝ Մարելու երկրին պասուքը ոսկի։ Ի՜նչ արբեցությամբ զայն կո՜ւշտ կը խմեն Համագրավ տապեն սարսատած հողին Ծընունդներն ամեն, ծակտիքներն ամեն։ Ի՜նչ արբեցությամբ հոգին կ՚ ընդգրկե Ալյակն հորդահոս՝ ծայրիի բույրին, Ծաթրին, անանուխ, վայրի ռեհանի Բազմաբուրումներն ըստաշխ ու խունկե։ Ի՜նչ արբեցությամբ կ՚ ընդգրկե անի. Բոլոր ձեւերն ու երանգներն ամեն, Բոլոր գոյությանց, բոլոր տարրերուն Իր մեջ անդրադարձ ծիածանումեն՝ Աստվա՜ծն՝ որ եկավ՝ չե՜ս գիտեր ուրկե՜...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 55