Իղձեր
Կես գիշերվան բուրումնահեղց վարդերով,
Որոնք գինով ցող ու շաղի կըսպասեն,
Պիտի հյուսեմ մանյակ մը նուրբ
Շուրջն սպիտակ պարանոցիդ.
Եվ այգուն
Պիտի գտնես ցողված՝ վարդերն այդ անույշ՝
Իմ արցունքիս ցողերով։
Ու օր մըն ալ,
Երբ թարշամի
Քայռն այդ ծաղիկ անուրջին,
Պիտի հյուսեմ նոր նարոտներ ոսկելար
Անոր հուշքին տեղ բոսոր,
Իմ համբույրիս բոց ու բուրյան վարդերով։
Երազանուրբ ձյունաթորմի ձեռքերուդ
Պիտի բերեմ մեղեսիկե մատնիներ՝
Ու քողեքներ արեւակե.
Եվ երբ անոնց ցոլքը մարի աննըշույլ,
Տենչանքներուս բազմերանգ
Բոցով զանոնք պիտի վառեմ անդադար։
Ու լարերուն տեղ վինին հինավուրց
Պիտի դընենք արծաթ թելերն ըղձանքներուդ՝
Որոնք հավետ պիտի թրթռան
Տրոփումներովն իմ սրտիս։
Գինով՝ դյութիչ բուրմունքներեն ծաղիկներուն ըզգլխիչ
Ո՜վ դյութանույշն իմ սրտիս,
Պիտի հածինք միասին,
Ընթադրելով բույս ու ծաղիկ ու դալար,
Ու լալով
Բուրումնացան մահն անոնց,
Պիտի հածի՜նք,
Լույսի արծաթ անձրեւին տակ
Ու ծոցին մեջ
Թավուտքներու կիսաթափանց գիշերներուն,
Ո՜վ երազին իմ աղջիկ։