Անցնել բովանդակությանը

Աստուծո լացը

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Գեղեցիկ բաները արցունքի մեջ կը ծնանին:

Ռընան
Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին՝ Ես կարծեմ Աստված բան մը կ'որոներ՝ Որ դարման ըլլա տաղտուկի վերքին։ Շըրջան ըրավ Ան միջոցը մեկեն, Եվ հոն իրմե զատ բան մը չըգտավ. Էություն մ'ուզեց իր Էութենեն. Իր Էությունն իր արձագանգն եղավ։ Հետո դառնալով, տըխուր և մորմոք, Համըր լըռության և կույր Ոչինչին՝ Ան իրենցմե ինչ մ'ուզեց և անոնք Ինքզինքնին տըվին, կամ բան չըտըվին։ Երբ Անհունն այդպես դատարկ գտավ Ան, Իր մեջ ըզգաց խոր, դառնակըսկիծ ցավ. Եվ Լըռության վրա ու Ոչընչության Հուսահատութենեն սըրտաբուղխ լացավ։ Վարն իր արցունքներն ուզածը տըվին՝ Կազմելով մեյմեկ աստղեր երկընքին. Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ Որպեսզի ստեղծե՝ հարկ եղավ նախ լալ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 20