Հիշատակ
(Սիրերգ)
Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան՝
Ցուրտ սարսուռով, լույս-հույզերով պարուրված,
Հըպումով մը ազդու՝ եկան ու անցան,
Հուրքոտ բոցեր միայն թողլով շըրջահած։
Այդ բոցերը փայլեցան հոս մըշտարծարծ,
Մեր վառ սիրույն հընոցին մեջ ոսկեծին,
Անէացած, խելահեղած հեղակարծ՝
Պըլլըվեցա հիշատակիդ առանցքին։
* * *
Անցար, գացիր, բայց թողուցիր արյունող
Ասղընտուքը տագնապահույզ լըքումիդ.
Բոց սերեն վերջ՝ լըքումի վի՞շտը մրրկող։
Չէ՚, մի՚ ըլլար, անգո՜ւթ, այդչափ եսասեր՝
Սըրտիս՝ որ դեռ չէ՚ վարժըված աներկմիտ
Մոռացոնքին։ Ան չի՚ կըրնար սառիլ դեռ։
Թեմաներ