Անցնել բովանդակությանը

Գիրքերուն մեջ

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Խոժո՜ռ գիրքեր, մե՜ծ գիրքեր, Ահա ճակատըս այսօր ձեր էջերեն Վեր կ'առնեմ, դեպի արևն, Ու կ'անիծեմ րաբունորեն բոլորնիդ… Բայց երկնային շողն ինչո՞ւ Հանկարծակի աչքերուս մեջ կը սառի։ Եվ քայլերս այս, որ գիտության կրանիտե Ապառաժեն վերամբառնալ իշխեցին, Մարգերուն վրա ինչո՞ւ համար կը դողան։ Ո՜վ խաբեբա գիրքե՜ր, գիրքե՜ր մահաբույր, Ես կը տեսնեմ որ ինծի Ոչի՜նչ տըվիք, առիք ամե՜ն բան ինծմե. Առիք գարունս և գարունն իմ հասակիս, Առիք վարդերը ճակտիս՝ Ձեր էջերուն մեջ դալկորեն թափթըփած. Եվ ջընջեցիք Աստվածս՝ որուն հավատալն Եթե իրավ պատրանք է Սակայն ո՜չ կյանքն, այլ Մահվան Ճըշմարտությունն է պատըրվողը միայն։ Այսօր ահա, գըրկած նոճի մը տըրտում, Գերեզմա՜նն եմ իմ սըրտիս՝ Որ իր թույնով թունավորված զերդ կարիճ՝ Այրեցավ իր իսկ կրակեն։ Հանդեսներու խընծիղներուն դեմ փակված Պատուհանես՝ չանցա՜վ զեփյուռն Ապրիլին։ Արշալույսներն երգեցին Եվ սըրսկեցին մարգրիտներ, Հարսնևորները, թըմբուկով, ջահակիր, Դընելով պսակ մը շեմիս՝ Տանս առջևեն կաքավեցին ու անցան։ Դուռըս փա՛կ էր, մընաց փակ, Դամբարանի մը նըման՝ Ուր հեղ մեռելը պառկած Լըռության մեջ կը ծյուրի։ Ես ծյուրեցա… ո՜վ խոլություն մարդկային… Որ մարմինիս կաթիլներովը լեցնեմ Հոգվույս բաժակը լուսեղ։ Եվ այսօր որ, ավանդական ժամուն հետ, Եկավ Աղջիկն ըսպասված Ծըռիլ ուսես, և գիրքիս վրա ինձ ժըպտիլ, Շըրթներուս վրա մեռած է Վաղանցավոր կյանքիս համբույրը արդեն, Համբույրն՝ որ հեշտ նախերգն է Իմաստնագույն կյանքերուն, Եվ վերցնելու համար, վայրկյա՜ն մը գոնե, Ձեռքն իր քընքույշ, բայց ծանրացած՝ գարունով, Իմ ձեռքս է տկա՜ր, դողդոջո՜ւն… Եվ — ո՜վ վիճակ ահռելի — Սիրտըս ծովուն ափին լըքված խեփորն է՝ Որուն մեջի կենդանին Արդեն մեռա՛ծ է շատոնց։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 51