Ցայգանվագ
Կու գա սիրերգն հեղեղատին
Անտառներու մեջ մենիկ,
Երբ ժըխորներ պահ մ՚ ընդհատին
Հասնի գիշերն երջանիկ.
Արեւելքի գիշեր մը ջինջ,
Շափյուղազարդ երկինքով,
Ուր հեշտություն է ամեն ինչ,
Ամեն իր լի բուրմունքով։
Ծառաստվերին տակ սխրալի,
Բուներուն մոտ ու հեռու,
Ջինջ հեղեղը կը թավալի
Արծաթացող լույսերու։
Ու կը շրջի անտես ոգին
Հոն անտառի ծառերուն՝
Խարշափն որոնց, թույլ, հեշտագին,
Կը նըվագե օրորուն։
Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
Արահետները նրբին,
Ու երազներս ականակիտ
Հետզհետե կը թափի՜ն....
...Դեռ մինչեւ ե՞րբ, ըսե՜, հոգի՚ս,
Դեռ մինչեւ ե՞րբ տառապիմ
Պրպտելով անրջանքիս
Թոշ ծաղիկը մտերիմ։
Գուցե վաղը մթնե հոգիս,
Գուցե դո՜ւն ալ թարշամիս,
Մ՚ եղծեր հըմայքն անրջանքիս
Ու ծաղիկը պաշտումիս....