Ցայգանկար
Համատարած անդորրության մը մեջեն,
Կիսաթափանց մըշուշներուն մեջ հալած
Ուրվագիծը տուներու՝
Որոնց լայնաքթիթ պատուհաններեն
Կը ժայթքեն
Լույսի ցայտքեր՝ տարփագին ծաղիկներուն պըլլըված։
Ու հեշտոտ ու մարմըրուն
Աղաղակն ալ նըվագներուն լարավոր
Կը ծաղկեցընեն դյութանքն անդորրիկ,
Գիշերվան մը երջանիկ։
Ու կ՚ երկարի՜, կ՚ երկարի՜
Խմբանկարը տուներուն՝
Տարտամորեն փաթթըված
Մեջն ապրշում մըշուշին,
Ու լայննալո՜վ, լայննալո՜վ
Դեպ ի ծովափն՝ որ երկչոտ
Կըսպասե
Ալիքներու համբույրին։
Ու եզերքեն հանդիպակաց
Ծայրը դալար հրվանդանին,
Ուր վաղուց
Մեռան ճիչերը ցորեկին,
Ծովին փոթ փոթ երանգածուփ թավիշին վրա
Միապաղաղ կ՚ անդրադառնա
Ուրվանըկարը խուսափուկ
Լույսի ծըփուն ծաղիկին՝
Որ կը ծըլի փողփողուն ծովեզերքի փարոսեն։
Ու դեռ հեռուն,
Քաղաքեն ու բացավայրեն ալ անդին,
Կ՚ ընդնշմարեմ արտեւանները ցըցուն
Մանիշակե լեռներուն
Մարմաշի մեջ պլլըված
Հսկա հարսեր հեշտամոլ՝
Որոնց տարփանքը կըզգաս
Հեռուներեն, հեռուներե՜ն...
Ու կը լըսեմ վարերեն թեւճակներու նըվագն ալ,
Ջուրերուն վրա թըրթըռուն,
Ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգը
Աղաղակ մը սիրածուփ՝
Սահած ծոցեն դաշտերուն՝
Ուր ցաները կը վետվետին սիրատարփ։
Ուր երկինքն ալ կը քնանա,
Կապույտներու խորհուրդին մեջ երազելով
Վաղորդայններն երջանիկ։