Բյուրեղի դյութանք
Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արեւին,
Կ՚ օծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,
Ու կը ծըծե հոտեւան խտղանքն ու դողն այգուն զով,
Մինչ մեղեսիկ աչուկներն Եսին ցոլքով կը վառվին։
Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին՝
Երկինքն՝ որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.
Ու կյանքի սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ՝
Ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին։
Բյուրեղ մը կա ձեռքին մեջ՝ զոր կը ճոճե դարձդարձիկ,
Յոթը գույնին տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.
Երանգներու, շողերու կ՚ ըղձա անուրջն օրորուն,
Եվ արեւին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ։
Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան...
Շափյուղանե՜ր... կարկեհա՜ն... զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ...
Ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,
Ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամբան։
Ծափ կը զարնե, ծիծաղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,
Անո՜ւյշ արեւ մանկական, ամպ ու մեգի անգիտակ,
Իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսիդ տակ,
Ու մոռցըված բուրմունքներ զիս կըզգլխեն վերստին։
Պրիսմակ մըն ալ ե՜ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագին
Սիրույդ արեւը պայծառ, սիրույդ արե՜ւը ջերմին,
Ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,
Մանո՜ւկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արեւին....
Թեմաներ