Բաժնված սիրտեր
Հեւքոտ շունչեր կու գան ման,
Ու հըրճվանքով կը ժըպտինք.
Կ՚ երկնեն կապույտ մ՚ աննըման
Բիլ ծովն անհուն ու երկինք։
Եվ բուրումներ կու գան ման,
Ոգեւորում մը հեշտին
Արբշըռանքով մը հուզման
Կ՚ ամոքե վերքը վըշտին։
Հոգիս ունի խինդն այգուն,
Ու դայլայլը թըռչունին.
Սիրտըս քընար մ՚ է անքուն
Որուն երգեր ցավ չունին։
* * *
Երազի մը պես գացին,
Տարիները սահեցան
Այն օրեն՝ երբ ըզգացին
Սիրտեր ցունցը բաժանման։
Երբեմն արցունք մը ցավի,
Զիս վըրդովեց խըռովքով.
Երբեմն ալ հույս մը ծավի
Շողաց հոգվույս մութին քով։
Բաժանումեն վերջ, իրա՚վ,
Ի՜նչ գորովով, ի՜նչ խանդով
Կը փարին սիրտեր, ծարավ՝
Միացումին հեշտանքով։
* * *
Երազանքներ զիս կ՚ օրրեն
Օրորումով մը հանդարտ.
Հեռուն լեռնեն, ձորերեն,
Միշտ կը հառիմ ես անթարթ,
Ծածանումիդ մոտալուտ
Հույսերովը մոլորուն,
Տենդով կըսպասեմ գալուդ,
Ցընծումին մեջ երգերուն։
Ալ սիրտս ունի խինդն այգուն,
Ու դայլայլը թըռչունին.
Հոգիս քընար մ՚ է անքուն
Որուն երգեր ցավ չունին։
Կ. Պոլիս