Բաղձանք
Արտաշես Հարությունյան բանաստեղծին
Բարձունքներու լայնշի ճամբան ըլլայի,
Որ ծաղկահյուս կողերե վեր կը մագլի,
Ու գագաթին հասած՝ նոր ու հեշտալի
Հորիզոնին սնդուս գիծին կը նայի։
Ու տանեի հոն հոգիներն ըսպառած,
Ձանձրույթն՝ որոնց ոլորտին վրա կը փլչի,
Ու ցույց տայի՝ լայն հորիզոն անուրջի՝
Բերրի դաշտերն ու ճամբաներն անմոռաց՝
Ուր քաղցրությունն հոգվույն կ՚ ըլլա հակուրջի։
Կատարներուն, հագած երանգ հինայի,
Մրգաստանին, այգիներուն, դաշտերուն
Մեջ պարագնաց հովին խմբերգն ըլլայի։
Եվ ըլլայի ձայներիզը թրթըռուն,
Աղբյուրներուն, կապուտաչվի ակերուն,
Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն,
Շառաչն հըզոր՝ օվկիանին, գետերուն,
Համայնական Ձայնն ըլլայի, Ձայնն անհուն
Ու խնծիղովս անպարագիծ ու կայտռուն
Քերթողներուն լեցվեր հոգին ամայի։
Անտառներու մենության մեջ սխրալի,
Ամբարձուղեշ ծառերու մորճ թեւերուն
Վըրա թառող լըռությունն ես ըլլայի.
Կամ ըլլայի արահետը խնկագույն,
Ծառաստվերի մութ ձորձին մեջ պլլըվող.
Կամ ըլլայի կոհակուռույց ալելուն
Հարեւանի հեղեղատին լուսաշող,
Ու քերթողին տաղես վանկեր ես տայի։
Երգն ըլլայի թռչուններուն ծնծղաձայն,
Ու դառնայի ուրախության ճիչ մը լայն,
Բանաստեղծի հոգիներուն մեջ նըկուն,
Ուր կը թախծի խոհանքն ամպոտ, անանուն՝
Ինչպես որի՝ թառած շիրմի մը գլխուն։
Եվ ըլլայի Լույս, Ձեւ, Երանգ, Թրթըռում,
Կյանքի փաղփուն պատմուճանը ծիրանի,
Կենսաբաղձիկ հոգվույն երազն անպատում.
Եվ անձրեւեն վերջ անարեւ ու տրտում,
Հառաչաձայն անձրեւեն վերջ երբեմնի,
Նըշուլեի ես վայրկյաններ երջանիկ,
Արեւաշող ժըպիտ, ծափեր ու խնդում՝
Բանաստեղծի հոգիներուն մեջ մենիկ։
Թեմաներ