Անցնել բովանդակությանը

Արեւին

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ, Որ վաղուց երազված համբույրի մը պես Իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե, Շողա՚, ո՜վ արեւ, շառափներովդ ոսկեծայր, Մառախլապատ Երկունքիս մեջ՝ Ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար, Շողա՜, շողա՜, բարի՜ արեւ, հիվա՜նդ եմ... Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ, Միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը, Թեւատարած կըսպասե՜մ. Պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ Ու օրորե՜ ջերմագին Ու կիզանուտ համբույրիդ տակ. Թող հոգվույս մեջեն անցնին կարգավ Մանուկներն ընդարմացած։ Մինչեւ որ Կանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ Տարփանքիս խանդաղատ ճամբաներեն։ Հիվա՜նդ եմ, բարի՜ արեւ, շողա՜, շողա՚... Հոգիս թռչնիկ մըն է, Օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ, Բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի, Անտես ու ստվերոտ սանդուխներու վրա Կ՚ իյնա շնչահեղձ։ Շողա՚, շողա՚, բարի՜ արեւ, հիվա՜նդ եմ... Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ, Մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն՝ Հուրքե՚դ գինովցած՝ Ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին, Ես կ՚ ըմբոշխնեմ խտղտանքն անանուն՝ երջանիկ տիվանդորրիս, Համրորեն ու գիտակից Գինովությամբ հեշտագին։ Քի՜չ մըն ալ դեռ, Ա՜հ, շողա՚, շողա՚, բարի՜ արեւ, հիվա՜նդ եմ... Վերջին անգա՜մ մըն ալ, Դեռ իրիկո՜ւն չեղած Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած, Վերջին անգա՜մ մըն ալ, Փարե՚ հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն, Հիվա՜նդ եմ, բարի՚ արեւ, շողա՚, շողա՜...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 40