Անդարձ
Լուսնի լույսը ծառերեն ծաղիկի պես էր կախվեր.
Ապրիմ-մեռնիմ մը ձեռքըս՝ սիրույս ճամբան ես ինկա.
Ա՜հ, լըսեի՜ր, տերեւին հովը ինչեր կը հծծեր։
«Կը սիրե՚ զիս, չի սիրեր, քի՜չ մը, բընա՚վ... տարփագի՜ն...»
Մեկիկ մեկիկ փետտեցի, գաղձերուն հետ ձանձրույթիս
Եվ արյունող փուշին հետ սրտիս մխվող թախծանքին։
Ինչպե՜ս կրկնեմ բարբառը երիցուկին մարգարե,
Հե՜ք ծաղիկ, զոր խեղդեցի վայրկյանի մը մեջ անհույս՝
Ուր ձեռքիս մեջ կը սուրար ձեռքիդ երազն համպարե։
Ինչպե՜ս կրկնեմ տաղերը նարկիսներուն ու վարդին,
Ու վիպերգը՝ կեռասե բադրոններուն վրա ձյունող
Ճերմակ բուրյան շափրակի բադիլներու մեղեդի՜ն։
Շամանդաղին մեջ՝ թել թել կ՚ իյնա ջրցայտքն անտարբեր.
Լուսնի լույսին կ՚ երկարին առվակի զույգ մը թեւեր,
Ու շրջավայրը կ՚ ըլլա աղապատանք մը տարփոտ։
Ճամբուն վըրա կը կրկնե աղբյուրն անվերջ հեքեաթներ,
Գուռն հիացիկ մանուկի աչքի մը պես է բացվեր.
Ջըրարբքին մեջ կ՚ ուրվագրե լուսինն աղջկան մը պատկեր։
Թավուտին մեջ թեւաբաց, ահա՜, տեսիլդ է կայներ.
Այծտերեւին հոտեւան մատերն հերքըդ կը շոյեն,
Ու տերեւներ վեհերոտ կու տան իրենց համբույրներ։
Մառախուղով կը լենա հիր շրջագիծն երազիս,
Ուր ամբարձիկ մարմինիդ հըպարտ շուշանն է կեցեր.
Հոգվույդ կարմիր կարոտին, ա՜հ, պատարա՜գ ըրե զիս։
Ապրիմ-մեռնիմ մը ձեռքըս՝ նորեն դաշտերն ես ինկա
Ու տենչանքներըս գրկած լացի մարմինդ ըսպիտակ.
Դարձիս՝ ճամբան՝ սառե՜ր էր՝ տամուկ՝ լո՜ւյս ու լուսինկա...