Անցնել բովանդակությանը

«Պանդուխտն երգեց օտար երկրում...»

1890

Պանդուխտն երգեց օտար երկրում Եվ սրտաբեկ հոգոց քաշեց, Երբ որ տխուր յուր երգերում Անցած ուրախ օրերն հիշեց։ Մարմնով տկար, հոգով տխուր Շուրջը նայեց մեկը չըկար, Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր,— Ողբաց պանդուխտն անմխիթար։ Եվ նա խնդրեց անժամանակ Հանգստության լուռ գերեզման, Անհույս երգեց վերջին նվագ— «Արի՛, չարքաշ կյանքիս վախճան. Էլ ույժ չըկա, բարյավ մնաք, Դուք սև օրեր պանդխտության, Դո՜ւն, հայրական հեռու տնակ, Եվ երազներ պատանեկան։ Իսկ դուն արի՛, քաղցր հիշատակ, Կորցրած սիրո, վայելչության, Արի ինձ հետ իբրև սփոփանք Գերեզմանիս լուռ տխրության»։ Մեռավ պանդուխտն, բարյավ մնաք․․․ Գիտեք, որքան ձեզնից թաքուն Խեղճը հեծեց, ողբաց մենակ․․․ Գեթ ողորմի տվեք հոգուն։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Պանդուխտն երգեց օտար երկրում...» բանաստեղծությունը (1890) մահվան և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24