Անցնել բովանդակությանը

Գուցե հենց այստեղ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ինձ թվում է, թե մի քանի անգամ Հերքել եմ արդեն Ես անդարձության օրենքն անողոք։ Մի քանի անգամ գնացել-եկել, Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ։ Ինձ թվում է, թե մի քանի անգամ Ամենավերջին վերջինն եմ եղել Եվ սպասում եմ վերջնական վերջին։ Ինձ թվում է, թե մի քանի անգամ Տեսել եմ արդեն հավիտենության Ամենավերջին ակնթարթը ես, Որից դենը դեռ Կա մի անսահման հավիտենություն։ Ինձ թվում է, թե մի քանի անգամ Եղել եմ արդեն անսահմանության Ամենավերջին սահմանի վրա, Որից դենը դեռ Կա մի անվախճան անսահմանություն։ Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու Ամենավերջին հավիտենության Ամենավերջին ժամի ժամանակ, Ամենավերջին անսահմանության Ամենավերջին սահմանի վրա, Գուցե հենց այստեղ և այս նույն պահին։ — Խփիր, այս պահի կենացը խմենք, Մի վայրկյան հետո գուցե չլինենք։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 26