Անցնել բովանդակությանը

Աղոթարան սարը

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Չէ, աշխարհի սարերի մեջ Չուներ հավասարը — Հարգանքը մեծ ու սիրտը մեծ Աղոթարան սարը։ Չգիտեիր ո՞վ էր թռչում — Դո՞ւ, թե ճանապարհը, Երբ զարթնում էր ու չէր ննջում Աղոթարան սարը։ Հավք ուզեիր, նա քեզ կտար Մեկի տեղ հազարը, Հավքի բույն էր փեշից-կատար Աղոթարան սարը։ Ծաղիկ ասես, ծաղիկներով Կպահեր աշխարհը… Ուրախ էր իր տալիքներով Աղոթարան սարը։ Հյուրը հանկարծ ծարավ մնար, Իզուր չէր հուսալը, Սրտից աղբյուր կհաներ նա՝ Աղոթարան սարը։ Մտածե՞լ ես դու երբևէ, Թե ի՞նչն է պատճառը, Որ դարձել է բախտիդ բևեռ Աղոթարան սարը։ Ինչի՞ց է, որ չի սպառվում Երգի քո պաշարը,— Լոկ նա գիտե այս աշխարհում — Աղոթարան սարը։ Նրանից է սնունդ առնում Քո երգերի ծառը… Բայց դու արդեն չես բարձրանում Աղոթարան սարը։ Սարսռում է ինչ-որ ձորում Գերեզմանիդ քարը, Նայում, գլուխն է օրորում Աղոթարան սարը։ Տարին օր է, օրը՝ տարի, Դու տես գլխիդ ճարը, Էլ կածանը քեզ չի տանի Աղոթարան սարը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 40