Երդիկն ի վար
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ։
Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ։
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ։
Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ։
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ։
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ։
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ։
Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ։
Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ։
Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ։