«Այս քարանձավներն…»
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Այս քարանձավներն՝ անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության։
Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
Ասքերն են անգիր հավիտենության։
Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
Պատկերն են անգիր հավիտենության։
Արեգակն, անձրևն, օդն այս՝ մեզ տալիք
Պարտքերն են անգիր հավիտենության։
Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն—
Մեղքերն են անգիր հավիտենության։