«...Եվ արժե՞ր արդյոք…»
«Սեզամ, բացվիր» ժողովածու
…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր։
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր։
Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր։
Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու՝
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր։
Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն՝ աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր։